Սևան համայնքում նախընտրական քարոզարշավի մեկնարկից ընդամենը մի քանի օր է անցել, սակայն քաղաքական պայքարի բովանդակությունն արդեն լուրջ հարցեր է առաջացնում։ Այն պահին, երբ թեկնածուներից ակնկալվում է խոսել համայնքի խնդիրներից, զարգացման ծրագրերից և իրենց առաջարկած լուծումներից, Վահրամ Գևորգյանի հրապարակային հռետորաբանության մեջ ավելի ու ավելի նկատելի են դառնում անձնական հակադրություններն ու «քաղաքական», բայց իրականում անձնական թիրախավորումները։ Հատկապես ուշագրավ է նրա վերաբերմունքն իր հիմնական մրցակցի՝ գործող համայնքապետ և իր վաղեմի ընկեր Սարգիս Մուրադյանի նկատմամբ։ Քաղաքական մրցակցությունը, կարծես, աստիճանաբար վերածվում է անձնական հակամարտության՝ իր կողմից քամահրական արտահայտություններով, փոխադարձ վստահությունը խաթարող հայտարարություններով և բաժանարար գծերի խորացմամբ։ Բայց այստեղ մի կարևոր հարց կա՝ ինչո՞ւ է Գևորգյանը ընտրել հենց այս ճանապարհը։ Արդյո՞ք պատճառը նախընտրական ակնկալիքների և իրականության միջև առաջացած տարբերությունն է։ Արդյո՞ք սեփական սակավաթիվ հանդիպումների մասնակցության և գործող համայնքապետի բազմամարդ հավաքների համեմատությունն է ստիպում փոխել քարոզարշավի մարտավարությունը։ Ի վերջո, հանրային գործչի իրական դիմագիծը բացահայտվում է ոչ այնքան նրա խոստումներով, որքան այն պահերին, երբ նա բախվում է մրցակցությանն ու քննադատությանը։ Իսկ քաղաքական պայքարում ամենավտանգավոր սահմանը հատվում է այն ժամանակ, երբ գաղափարների մրցակցությանը փոխարինում է անձնական թշնամանքով: Բայց ում հանդեպ թշնամանքո՞վ..սեփական ընկերո՞ջ: Հ.Գ. Ի դեպ, հատկապես ուշագրավ է, որ իր հանդիպումներից մեկի ժամանակ Վահրամ Գևորգյանը փորձում էր ներկաներին համոզել, թե իրենք «ամոթ ունեն»։ Սակայն ամոթի մասին խոսելը դեռ չի նշանակում ամոթի զգացում ունենալ:Որովհետև ամոթի զգացումը հենց այն է, ինչը մարդուն պետք է հետ պահի որոշ քայլերից։ Իսկ երբ քաղաքական հավակնությունները սկսում են գերակշռել մարդկային հարաբերություններին ու սկզբունքներին, ամոթի մասին հայտարարություններն ուղղակի դառնում են դատարկ խոսքեր:
Politics
Vahram Gevorgyan's political outline is getting clearer

Source: KARTSIQ